ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Երբեք չէի ասի, որ մեր ԳՄ-ները թեժ են եղել»

«Երբեք չէի ասի, որ մեր  ԳՄ-ները թեժ են եղել»
21.02.2014 | 00:13

ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆ
(ՀՀ առողջապահության նախարար)

-Պարոն Դումանյան, հոնքը շինելու փոխարեն, կարծես աչքն էլ է դուրս գալու. նկատի ունեմ առաջիկայում պոլիկլինիկաներում սպասվող վճարումները:
-Պոլիկլինիկաները մնում են անվճար: Բացառությամբ մի քանի լաբորատոր, գործիքային հետազոտությունների` համավճարի տեսքով, դա էլ այն կոնտինգենտի համար է, որը չի մտնում սոցիալապես անապահով խմբերի մեջ:
-Բայց, ասենք, սոցիալական այս լարվածության ֆոնին, երբ կառավարությունն ուշի ուշով սպասում է բողոքի ակցիաների բորբոքմանը, ձեր ինչի՞ն էին պետք այդ համավճարները:
-Մենք ցանկանում ենք բարձրացնել բժշկական սպասարկման որակը: Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա չեմ կարծում, որ բժիշկները մասնակցեն դրանց:
-Առողջապահական հիմնարկները մուծե՞լ են կուտակայինի հինգ տոկոսը:
-Հիմնարկների մասով տեղեկություն չունեմ, բայց նախարարությունում մուծել են:
-ՈՒ գործադուլ չի՞ եղել, ու առաջ եք շարժվում առանց գործադուլի՞:
-Այո:
-Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ էր, ի՞նչ էիք խոսում այնտեղ այս անգամ (թող բոլորը մտածեն, որ Դուք եք ինձ ԳՄ-ից «արտահոսք» ապահովում):
-Ձեզ համար` ոչ կարևոր բաներ:
-Վա՜յ, պարոն Դումանյան, պարոն Դումանյան, էդ ի՜նչ եք ասում, բա եղա՞վ. ԳՄ-ի հետ կապված մեզ համար փակ, անհետաքրքիր թեմա չկա: Իսկ ճի՞շտ է, որ վերջին ԳՄ-ները անցել են անչափ թեժ ու կրքոտ, ինչո՞վ եք բացատրում «թեժի» ու «կրքի» այդ խտացումը, և արդյո՞ք առողջական տեսանկյունից այն օգտակար է:
-Երբեք չէի ասի, որ մեր ԳՄ-ները թեժ են եղել, այնտեղ քննարկումները մշտապես լինում են անչափ սթափ, և ընդունվում են հստակ որոշումներ: Որևէ, Ձեր ասած, բուռն քննարկում չկա, դա ընդամենը Ձեր և լրատվական դաշտի երևակայության արդյունքն է: Որպես օրինաչափություն, բոլոր ԳՄ-ներից հետո կուսակցության մամլո խոսնակը հանդիպում է լրագրողների հետ և…
-Լղոզում ԳՄ-ում կատարվածը:
-Եվ հստակ տեղեկություն է տրամադրում բոլորին քննարկումների մասին:
-Էդ կռիվներում Դուք ո՞ւմ կողմից եք, պարոն Դումանյան:
-Ոչ մի կռիվ ես չեմ տեսել, որ կողմնորոշվեմ էլ:
-Չէ, ասում են, ՀՀԿ երիտասարդները` պահպանողականների հետ, մեղմ ասած, այնքան էլ «այն» չեն:
-Հանրապետական կուսակցությունը պահպանողական կուսակցություն է:
-Այսինքն, Դուք Շարմազանովին, Աշոտյանին, Կարեն Ավագյանի «գրասենյակին» չե՛ք սիրում, այո՞:
-Մենք նման տարանջատում չենք դրել, չենք դնում և չենք դնելու։ Երբե՛ք: Ընդհակառակը, մենք հպարտանում ենք մեր երիտասարդ կուսակցականներով, և ենթադրում եմ, որ նրանք մեծ ապագա են բերելու մեր կուսակցությանը:
-Էլ ո՞ւր «բերեն»` ապագա: Երկիրը մի վարչապետի, մի նախագահի տեղ ունի ընդամենը: Փաստորեն, Դուք երիտասարդների կողմից եք: Իսկ վարչապետին փոխելո՞ւ եք, խոսե՞լ եք այդ մասին ԳՄ-ում:
-Ոչ, չենք փոխելու վարչապետին:
-Պարոն Դումանյան, մեր երկրում միակ պաշտոնյան, որ դատի է տալիս թերթերին, «մնացածներին»՝ գիտենք ով է, Դուք վերջերս, կարծես, ուզում եք «համալրել» այդ շարքը` կնոջը, քաղաքական գործչին դատի տալու խնդրով. նկատի ունեմ Լյուդմիլա Սարգսյանին:
-Ոչ, ոչ, տիկին Սարգսյանի հետ մենք դատի մեջ չենք մտել, մենք ընդամենը, քանի որ Լյուդմիլա Սարգսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է, այն է` շատ բարձր պաշտոն է զբաղեցնում և քանի որ լուրջ դիտողություն ուներ` համակարգին առնչվող, մենք դիմել ենք գլխավոր դատախազին, որ քննություն իրականացվի, և ճշտենք, եթե կան նման երևույթներ, արմատախիլ անենք: Իսկ եթե տիկին Սարգսյանը նման երևույթների մասին գիտի ու ինձ չի ասում, կարծում եմ՝ բարի կլինի դատախազին ասել:
-Պարո՜ն Դումանյան («վա՜յ, Դերո, Դերո»՝ մի առիթով «ասաց» Սերժ Սարգսյանը), Դուք բավականին առինքնող մարդ եք, բա չգիտե՞ք մեծ ճշմարտությունը՝ եթե կինն անգամ սխալ է, պետք է նրանից ներողություն խնդրել։ Իսկ Դո՜ւք…
-Ես դատախազություն եմ դիմել ոչ թե կնոջ անձի, այլ իր ասածների համար:
-Կնամեծա՜ր չեք, էլի:
-Դո՛ւք ասացիք:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ